
Իտալիայում ուտելու հարցում «ամեն ինչ մի փոքր բարդ է», սկսենք սուրճից։
Այս տիեզերքում ամեն ինչ ենթարկվում է ժամանակի աստված Քրոնոսին։ Նա իր պարկի մեջ է հավաքում այն ամենը, ինչ հանդիպում է իր ճանապարհին։ Բայց, կարծես, ամեն անգամ, երբ հերթը հասնում է իտալական ճաշի ժամերին, նա հավանության նշանով գլխով է անում։ Չէ՞ որ հենց այսպիսի ծեսերն են ապահովում նրա իշխանության հարատևությունը։
Իտալական հանրային սննդի ոլորտն ունի մի շարք առանձնահատկություններ, որոնց իմացությունը ճանապարհորդության ընթացքում կխնայի ձեր ժամանակը, գումարն ու, ամենակարևորը, նյարդերը։
Առաջին և գլխավոր կանոնը ժամանակի աստված Քրոնոսին անվերապահորեն ենթարկվելն է։
Երկրորդ կանոնը սննդի հաստատությունների խիստ տարանջատումն է։
Եթե մեզ մոտ միևնույն վայրում կարելի է առավոտյան հրաշալի նախաճաշել, կեսօրին ընկերների հետ սուրճ խմել, իսկ երեկոյան ընտանիքով ընթրել, ապա Իտալիայում նման բազմաֆունկցիոնալություն շատ հաստատություններ իրենց թույլ տալ չեն կարող՝ մի շարք պատճառներով։
Եվ այսպես, այստեղ կան՝
- Սուրճի կամ ապերիտիվի վայրեր, որտեղ կարելի է նաև նախաճաշել։
- Արագ սնվելու վայրեր։
- Ճաշի կամ ընթրիքի համար նախատեսված ռեստորաններ։
- Եվ, իհարկե, սրբազան վայրեր՝ պաղպաղակի խանութներ (gelateria), որտեղ վաճառում են իտալական հանրահայտ gelato-ն։
Քանի որ Իտալիայում ուտելու հարցում «ամեն ինչ մի փոքր բարդ է», սկսենք սուրճից։ Չէ՞ որ հաճախ մեր ամբողջ օրվա տրամադրությունը կախված է այն զգացողություններից, որոնք մեզ պարգևում է առավոտյան մեկ բաժակ սուրճը։
Տարածված կարծիք կա, որ եթե Իտալիան սուրճի երկիր է, ուրեմն այստեղ ձեզ ամենուր և ցանկացած ժամի մեծ հաճույքով սուրճ կմատուցեն։ Այդպես չէ՞։
Իրականում՝ ոչ այնքան։
Իտալիայում ընդունված չէ պարզապես սուրճ խմելու համար մտնել այն հաստատությունները, որտեղ հիմնականում սնունդ են մատուցում՝ ռեստորան, պիցցերիա, բիստրո և այլն։ Այդպիսի վայրերում սուրճը սովորաբար պատվիրում են որպես ճաշի կամ ընթրիքի ավարտական մաս։
Այսինքն՝ եթե ձեր առջև տեսնում եք նախապես սպասքավորված սեղաններ կամ գրատախտակին գրված ճաշացանկ, հավանաբար սխալ տեղ եք եկել։
Իտալացիներն իրենց սովորական առավոտյան սուրճը խմում են մոտակա բարում՝ որևէ քաղցրավենիքի կամ սենդվիչի հետ։
Եվ եթե ձեր «Որտե՞ղ կարելի է սուրճ խմել» հարցին պատասխանում են՝ bar, մի շտապեք պատկերացնել կիսամութ նկուղային հաստատություն՝ բարձր երաժշտությամբ, կոկտեյլներով ու նախորդ գիշերվա խնջույքի դեռ չհավաքված հետքերով։
Իտալիայում բարը բոլորովին այլ մշակույթ է։

Սա այն վայրն է, ուր իտալացիներն առավոտյան մտնում են՝ մի բաժակ սուրճով ուշքի գալու, տեղական թերթը կարդալու, բարևելու և մի քանի բառ փոխանակելու այն մարդկանց հետ, որոնց սովորաբար հանդիպում են այնտեղ՝ հարևանների, գործընկերների, ընկերների։
Եվ հետո շարունակում են ապրել իրենց օրը։
Ի դեպ, սուրճի գինը կարող է տարբեր լինել՝ կախված նրանից, թե որտեղ եք այն խմում՝ վաճառասեղանի մոտ կանգնա՞ծ, թե՞ սեղանի շուրջ նստած։
Վաճառասեղանի մոտ սուրճը սովորաբար մի փոքր ավելի էժան է։ Այստեղ կարող եք նաև բարիստայի հետ զրուցել կյանքի անցողիկության մասին, բայց հիշեք՝ ինչպես կյանքն է արագ անցնում, այնպես էլ վաճառասեղանի մոտ սուրճը պետք է արագ խմել։
Ի վերջո, Իտալիայում բարը ոչ այնքան սուրճի, որքան առավոտյան ծեսի մասին է։
Չէ՞ որ իտալացիները տանն էլ սրճեփ ունեն...