
Իտալական Ջելատո։ Ո՞րն է տարբերությունը սովորական պաղպաղակից։
«Տարիներն անզոր են այն զգացողության առաջ, որն ապրում ես, երբ պաղպաղակի գնդիկը ընկնում է վաֆլե բաժակիցդ»։
Լավ գիդը ձեզ կպատմի հնարամիտ Մեդիչիների մասին լեգենդը, որոնք կազմակերպում էին խոհարարական մրցույթներ, որոնց ընթացքում էլ, իբր, առաջին անգամ ներկայացվել է պաղպաղակը։ Կպատմի նաև, թե ինչպես Եկատերինա Մեդիչին զարմացրեց ֆրանսիացիներին իր անսովոր «ֆլորենտական կրեմով»։

Իսկ ավելի լավ գիդը կավելացնի, որ մի փոքր ծիծաղելի է պնդել, թե աշխարհի ինչ-որ մի անկյունում մարդիկ առաջին անգամ գլխի ընկան կաթը սառեցնել և դրան շաքար ու հատապտուղներ ավելացնել։
Սակայն տոսկանացիները համոզված են, որ հենց իրենց հայրենիքում է մարդկությունը բացահայտել ոչ միայն իդեալական համամասնությունների գաղտնիքը, այլև կատարյալ պաղպաղակը, որը հայտնի է որպես gelato (ջելատո)։
Իսկ ինչո՞վ է իտալական ջելատոն տարբերվում սովորական պաղպաղակից, և ո՞րն է նրա հաջողության գաղտնիքը՝ բացի այն հանգամանքից, որ իտալացիներն այն պատրաստում են վաղուց և անդադար։
Հա՞մը, գո՞ւյնը, թե՞ բաղադրիչները։
Պարզվում է՝ ոչ մեկը։
Պաղպաղակի և ջելատոյի հիմնական տարբերությունն օդն է։ Ավելի ճիշտ՝ դրա քանակը։
Կաթն ու շաքարավազը հարելու ընթացքում խառնուրդի մեջ օդ է ներթափանցում, ինչի շնորհիվ պաղպաղակը ստանում է իր նուրբ ու հարթ կառուցվածքը։
Եվ հենց օդի ավելի փոքր պարունակության շնորհիվ է, որ ջելատոն սովորական պաղպաղակից ավելի խիտ է։
Սովորական պաղպաղակի ծավալի մոտ 50%-ը կարող է օդ լինել, մինչդեռ ավանդական ջելատոյի դեպքում այդ ցուցանիշը սովորաբար չի գերազանցում 25%-ը։
Մարդիկ, որպես կանոն, բարկանում են, երբ ստիպված են լինում վճարել օդի համար, այսինքն՝ բառացիորեն փողը քամուն տալ։
Բայց կա մի բացառություն, երբ օդի համար վճարելը նույնիսկ հաճույք է պատճառում։
Դա ջելատոյի մեջ եղած օդն է։

Պաղպաղակ պատրաստելու առաջին սառեցնող սարքերի՝ ֆրիզերների հայտնվելը հնարավոր դարձրեց այն տեխնոլոգիաների զարգացումը, որոնցով պաղպաղակ են պատրաստում դեռևս 19-րդ դարի վերջից մինչև մեր օրերը։
Հատապտուղների, մրգերի, ընկույզների ու մեղրի համերն ու բույրերը պետք է ստացվեն բացառապես բնական բաղադրիչներից՝ առանց արհեստական հավելումների ու ներկանյութերի։
Իհարկե, ժամանակակից որոշ տեսակներ՝ տիրամիսու, մաստակի համով պաղպաղակ և այլն, արդեն պահանջում են լրացուցիչ բաղադրիչներ ու բուրավետիչներ։
Իսկ մեր տուրերի ընթացքում հնարավորություն կունենաք համտեսել ամենալավ և իրական ջելատոները, մեր կողմից արդեն փորձված վայրերում։